Ոմանք իշխանության են եկել Լանզարոտի և Ստամբուլյան կոնվենցիաների վավերացմանը հասնելու նպատակով
08.05.2020 | 00:20
Ազգային ժողովի մեր աղբյուրներից ստացած տեղեկատվության համաձայն, ԱԺ-ի իշխող` «Իմ քայլը» խմբակցության պատգամավորների մեծամասնությունը կողմ է քվեարկելու Լանզարոտի կոնվենցիայի վավերացմանը, եթե խմբակցության ղեկավարությունը չպահանջի, որ բոլոր իմքայլականները մեկ մարդու նման կողմ քվեարկեն այդ խիստ վտանգավոր կոնվենցիայի վավերացմանը, այսինքն` դեմ լինողներին ազատ կամարտահայտման հնարավորություն ընձեռի:
«Լուսավոր Հայաստան» խմբակցությունում կոնվենցիայի վավերացման առնչությամբ կան տարաձայնություններ, բայց, այս պահին եղած տեղեկությունների համաձայն, խմբակցությունը կողմ է քվեարկելու կոնվենցիայի վավերացմանը, իսկ «Բարգավաճ Հայաստան» խմբակցությունը, ամենայն հավանականությամբ, դեմ կքվեարկի Լանզարոտի կոնվենցիայի վավերացմանը: Միով բանիվ, կարելի է համարել, որ «Ազգային ժողով» կոչվածը Լանզարոտի կոնվենցիան կվավերացնի, չափազանց չնչին է հույսը, որ պատգամավորների մեծամասնության շրջանում վերջին պահին կհաղթի ողջախոհությունը:
Ի՞նչ է սպասվում կոնվենցիայի վավերացումից հետո մեր երեխաներին, մեր ծնողների և ուսուցիչների մի մասին, մեր հասարակությանը…
Ինչ-ինչ շահարկումների տեղիք չտալու համար, նշենք, որ Լանզարոտի կոնվենցիայի ոչ բոլոր դրույթներն են վտանգավոր և անընդունելի, հակառակը` դրանք մեծամասնությամբ ընդունելի են, բայց այնուհանդերձ… Այն տպավորությունն է, որ թույնը միտումնավոր խառնված է շաքարին, որպեսզի թույնի դառնությունը չզգացվի:
Ինչպես արդեն տեղեկացրել ենք, Լանզարոտում 2007 թ. հոկտեմբերի 25-ին ստորագրված հիշյալ կոնվենցիան պաշտոնապես կոչվում է «Սեռական շահագործումից և սեռական բնույթի բռնություններից երեխաների պաշտպանության մասին» Եվրոպայի խորհրդի կոնվենցիա: Անվանումն, անշուշտ, անմեղ է և բարի, նույնիսկ հուշում կամ վկայում է այս կոնվենցիայի ու դրա վավերացման անհրաժեշտության մասին, ու բնավ չի բացահայտում, թե դրանում ինչ թաքնված վտանգներ կան:
Մինչդեռ հակասահմանադրական այս կոնվենցիայի վավերացումից, ուժի մեջ մտնելուց հետո Հայաստանը, կոնվենցիայի 6-րդ հոդվածի համաձայն, ուղղակի պարտավորված է լինելու ձեռնարկել ու ձեռնարկելու է «օրենսդրական և այլ միջոցառումներ` ապահովելու համար, որպեսզի երեխաները տարրական և միջնակարգ կրթություն ստանալու ժամանակ տեղեկանան սեռական շահագործման և սեռական բռնության հետ կապված վտանգի մասին, ինչպես նաև իրենց պաշտպանելու միջոցների մասին՝ համաձայն իրենց կարողությունների»:
Լանզարոտի կոնվենցիայով ստանձնած պարտավորության կատարմամբ մեր, ընդգծում ենք, նաև տարրական դասարանների աշակերտներին, ինչպես նաև 8-րդ դասարան դեռ չհասած ու «Կենսաբանություն. ՄԱՐԴ» առարկան դեռ չյուրացրած դեռահասներին դպրոցներում, ամենայն հավանականությամբ, նաև հեռուստատեսությամբ և այլ կերպ տեղեկացնելու են, թե ինչ բան են սեռական օրգանները, ինչ բան են սեռական հարաբերությունները, սեռական բռնությունը և սեռական շահագործումը, ինչ է կատարվում դրանցից հետո, ինչ հետևանքներ են առաջանում, ինչու են անթույլատրելի սեռական շահագործումը և սեռական բռնությունը և այլն: Այսպիսով խեղելու են այս տարիքի երեխաների հոգեբանությունն ու հոգին, պղտորելու են նրանց միտքը, այդ երեխաների շրջանում վաղաժամ և անառողջ սեռական հետաքրքրություններ են առաջացնելու, վտանգավոր հետևանքներ ունեցող գայթակղություններ, այսինքն` բացելու են Պանդորայի արկղը:
Իսկ ինչպե՞ս են այդ տարիքի երեխաներին սովորեցնելու սեռական բռնությունից և սեռական շահագործումից «իրենց պաշտպանելու միջոցների մասին՝ համաձայն իրենց կարողությունների»: Եվրոպայի խորհրդի անդամ մի շարք երկրների և, ընդհանրապես, Արևմուտքի փորձից դա արդեն հայտնի է: Այն հակիրճ կարելի է այսպես ներկայացնել. սեռական բռնությունը կանխելու համար պետք է շատ ուշադիր լինել, եթե որևէ մեկը, կապ չունի, թե ով, թեկուզ ձեր ծնողը, եղբայրը, քույրը, հարազատը, ձեռքով կպչում է ձեր հետույքին կամ կրծքին, սեռական հետապնդման այդպիսի յուրաքանչյուր դեպքի մասին պետք է ժամանակին հայտնել ոստիկանին, թեժ գծի հեռախոսահամարով, ծնողին, ուսուցչին, եթե սեռական հետապնդման ենթարկողները վերջինները չեն:
Հիմա պատկերացրեք այսպիսի իրավիճակ` հայրը գրկել է իր 8-9 տարեկան աղջնակին, այդ ընթացքում ձեռքով կպել նրա տուտուզիկին կամ կրծքին: Ինչպե՞ս կվարվի երեխան նման դեպքում` այն բանից հետո, երբ դպրոցում, հեռուստատեսությամբ իր գլուխը հետևողականորեն լցրած կլինեն վերոնշյալ զգուշացումներով: Եկեք լավատես լինենք ու մտածենք, որ մեր երեխաները ծնողի սերը, ջերմությունը զգալով, զանց կառնեն այդ զգուշացումները ու չեն զանգահարի թեժ գծի հեռախոսահամարով, չեն դիմի ոստիկանություն և այլն: Բայց…
Երեխաների մեծ մասն իրենց ծնողների, ավագների հետ տարբեր առիթներով բնական-դաստիարակչական կոնֆլիկտներ է ունենում, վիճաբանություններ, երբեմն նույնիսկ արժանանում նրանց դաստիարակչական ապտակին կամ ինչ-որ բաներ անելու տեղին և անհրաժեշտ արգելքին, և վաղ տարիքից նման վախերով, տեղեկություններով ծրագրավորված, բարդույթավորված երեխան այդպիսի դեպքերում թեժ գծի կամ ոստիկանության հեռախոսահամարով զանգահարելու, «սեռական հետապնդման» ենթարկված լինելու մասին հայտնելու հնարավորությունը կարող է օգտագործել՝ շանտաժի ենթարկելով իր ծնողին, պապիկին կամ ավագ եղբորը:
Ավելին. ոչ միայն կարող է սպառնալ զանգահարելով, հայտնելով, այլև կարող է հենց զանգահարել ու հայտնել` ապտակի համար վրեժ լուծելով կամ չհասնելով իր ցանկալի զիջմանը, ընդ որում, նույնիսկ այն դեպքում, երբ ծնողը կամ ավագն իր վերոնշյալ մարմնամասերին իրականում անգամ մատով չի կպել: Խոսքը վերաբերում է նաև ավելի տարեց, ասենք, 5-րդ, 6-րդ, 7-րդ դասարանների աշակերտներին: Իհարկե, նկատի չունենք բոլոր երեխաներին, բայց չմոռանանք, որ շատ ընտանիքներ չափազանց հեռու են օրինակելի լինելուց, և բոլոր ընտանիքներում չէ, որ միջանձնային հարաբերություններն այնպիսին են, ինչպիսին պետք է լինեն:
Ի դեպ, երեխան ինչ-ինչ դեպքերում նման կերպ կարող է վարվել նաև իրենց ուսուցչի նկատմամբ: Ի վերջո, չմոռանանք նաև անցումային տարիքում երեխաների դաստիարակության բարդությունների մասին: Ինչ վերաբերում է թեժ գծի հեռախոսահամարին, ապա կոնվենցիայի վավերացումից որոշ ժամանակ հետո այն դպրոցում և հեռուստատեսությամբ առաջին տեղեկությունների թվում է տրվելու աշակերտներին, այդ թվում նաև` տարրական դասարանների:
Ոմանց կարող է թվալ, թե նույնիսկ այդ դեպքում որևէ վտանգ չկա, թեժ գծի հեռախոսահամարին զանգելուց հետո տուն կամ դպրոց հաճախած սոցաշխատողները, հոգեբանները, փորձագետները` լինեն պետական կառույցի թե երեխաներին սեռական բռնությունից, սեռական շահագործումից պաշտպանելու գործին լծված ՀԿ-ների ներկայացուցիչներ, երեխային լսելով, թացը չորից կտարբերեն: Միամիտնե՜ր…
Սորոսական և այլ «գրանտներով» սնվող մի շարք ՀԿ-ներ սոցաշխատողների, հոգեբանների, փորձագետների արդեն մի ողջ բանակ են պատրաստել, որոնք կոնվենցիայի վավերացումից, համապատասխան օրենսդրական և ենթաօրենսդրական ակտերի ընդունումից հետո գնալու են թեժ գծի հեռախոսահամարով ստացված զանգերի հետքերով` պաշտպանելու սեռական բռնության ռիսկի ենթարկվածներին, կանխելու սեռական բռնությունը… Դժվա՞ր է պատկերացնել, թե նրանք ինչ ուղղորդող հարցեր կարող են տալ երեխային և ծնողի կամ ուսուցչի կողմից նրա նկատմամբ իբր կատարված անառակաբարո գործողության վերաբերյալ, ինչ պատասխաններ ստանալ նույնիսկ այն դեպքում, երբ երեխան այնքան էլ տրամադրված չէ բողոքելու ծնողի, ավագի կամ ուսուցչի դեմ, վճռական չէ այդ հարցում:
Կարծում ենք, ոչ հեռավոր ապագայում հենց վերոնշյալ նպատակով ու հենց այդպիսի սոցաշխատողներով, հոգեբաններով, փորձագետներով ձևավորված կազմակերպության կամ կազմակերպությունների ստեղծման վտանգը զգալով կամ կանխատեսելով, նշված վտանգից զգուշանալով է, որ ՀՀ Սահմանադրական դատարանը Լանզարոտի կոնվենցիայի վերաբերյալ իր 31.03.2020 թ. որոշման 3-րդ կետի 2-րդ ենթակետում նշել է. «Կոնվենցիայի 10-րդ հոդվածով ամրագրված` երեխաների իրավունքները խթանելու և պաշտպանելու համար անկախ իրավասու ազգային կամ տեղական կառույցներ ստեղծելու կամ նշանակելու պարտավորությունը չի ենթադրում պարտադիր նոր մարմնի ստեղծում, և այդ պարտավորության իրականացումը կարող է ապահովվել Հայաստանի Հանրապետությունում արդեն իսկ գործող իրավասու մարմնի գործունեության շրջանակներում»:
ՍԴ-ի վերոնշյալ նկատառումը, սակայն, իրավական առումով լումայի արժեք չունի, քանի որ այն ոչ թե արգելք է, այլ ընդամենը նկատառում: Փաշինյանի իշխանության համար կարևորը ՍԴ-ի որոշումը ստանալն էր, որ Լանզարոտի կոնվենցիայում ամրագրված պարտավորությունները համապատասխանում են ՀՀ Սահմանադրությանը, և, չնայած կոնվենցիայի հակասահմանադրական լինելուն, կարողացավ ստանալ այն, իսկ ոմանք արդեն գիտեն, թե դրանից հետո ինչ կստեղծեն, երբ և ինչպես։
Կարող է հարց առաջանալ, թե այդ դեպքում որն է լինելու հիշյալ սոցաշխատողների, հոգեբանների, փորձագետների շահագրգռությունը, ինչու՞ պետք է այդպես վարվեն: Ամեն ինչ շատ պարզ է` որքան շատ սեռական բռնության դեպքեր կանխեն, բացահայտեն, այնքան առատորեն կվարձատրվեն Սորոսից և Արևմուտքի այլ կառույցներից, այդ թվում նաև, միանգամայն սպասելի է, հենց Լանզարոտի կոնվենցիայի ծնողը հանդիսացող Եվրոպայի խորհրդից «գրանտների», ֆինանսական աջակցության տեսքով:
Հասարակական գործիչ, բժիշկ Զաքար Խոջաբաղյանը Արևմուտքի փորձի կամ եվրոպական որոշ երկրներում արձանագրվածի հիման վրա արդեն տեղեկացրել- զգուշացրել է. «Կան նաև բազմաթիվ վկայություններ, թե ինչպես են հենց սոցաշխատողները, հոգեբանները և պետական պատասխանատուները խաբել ու շահագործել երեխաներին՝ նրանց պաշտպանելու անվան տակ։
Օրինակ Իտալիայում վերջերս մեծ սկանդալ էր, երբ բացահայտվեց, որ մի շարք «ոլորտային էքսպերտներ» շահագործել են երեխաներին, խլել նրանց ընտանիքներից, զբաղվել երեխաների առևտրով՝ նրանց նախապես տարբեր տեխնոլոգիաներով ներշնչելով, թե իբր իրենց ընտանիքում սեռական բռնության են ենթարկվել: Բրիտանիայում մեծ սկանդալ էր՝ պայմանավորված սոցաշխատողների կողմից տարատեսակ փաստեր կեղծելու և երեխաների առք ու վաճառքի մեջ ներգրավված լինելու թեմայով։ Վերջերս նաև բացահայտվել էր, որ երեխաների պաշտպանությամբ զբաղվող խոշորագույն կազմակերպություններից մեկի հիմնադիրը հենց ինքն է մանկապիղծ եղել…
Մի խոսքով, փորձը ցույց է տալիս, որ տարատեսակ ՀԿ-ներ և նման օտարասուն կառույցներ, որոնք իբր թե շահագրգռված են երեխաների պաշտպանությամբ, հենց իրենցի՛ց է պետք նախ և առաջ պաշտպանել երեխաներին և սերնդին, քանի որ, որպես կանոն, նրանք խեղված հոգեբանության ու այլասերության գեներացնողներ և տարածողներ են՝ դրանից բխող բոլոր հետևանքներով։
Եվ ուրեմն կարիք կա՞ կրկնելու եվրոպական երկրների սխալները, և ունքը շինելու փոխարեն աչքը հանելու հին ճանապարհով գնալ, առավել ևս, որ տարբեր հրապարակումներ ցույց են տալիս, որ նման օրենքները ոչ միայն չեն նվազեցնում, այլև վիճակագրորեն ավելացնում են նման դեպքերը»:
Առկա են նաև վերոնշյալ ՀԿ-ների շահագրգռվածությամբ պայմանավորված տարբեր կոռուպցիոն ռիսկեր: Ավելին. արտերկրում արդեն արձանագրվել են դեպքեր, երբ կինն ամուսնու հարցերը լուծելու, նրա ունեցվածքին տիրանալու և, երեխայի հետ միասին, սիրեկանի հետ հեռանալու նպատակով, մանկահասակ երեխային նախապես մի քանի բան է սովորեցրել, ներշնչել, ապա դիմել թեժ գծին, թե ամուսինն իրենց երեխայի նկատմամբ անառակաբարո գործողություն է կատարել: Ժամանած, այսպես կոչված, «համապատասխան մասնագետները» մի քանի ուղղորդող հարցեր են տվել իրականությունը չիմացող ու չհասկացող, իրավիճակը գնահատելու անընդունակ երեխային, ստացել ոչ միայն մոր, այլև իրենց ուզած պատասխանները, ապա երեխայի` հոր կողմից իբր սեռական բռնության ենթարկված լինելու մասին հայտնել իրավապահներին: Կարծում ենք, բոլորին արդեն հասկանալի է, թե դրանից հետո երեխայի հայրն ինչ ճակատագրի է արժանացել:
Ինչպես հայտնի է, ամուսնալուծությունների ժամանակ ծնողների միջև հաճախ վեճեր են առաջանում, թե անչափահաս երեխան ում մոտ պետք է մնա: Եվ, ահա, Եվրոպայում կան նաև դեպքեր, երբ մայրը, որպեսզի երեխան իր մոտ մնա, իրավապահ մարմիններին, դատարանին սուտ հաղորդում է ներկայացրել, թե ամուսինը սեռական շահագործման է ենթարկում իրենց երեխային կամ նրա նկատմամբ սեռական հակումներ ունի, սեռական հետապնդման է ենթարկում և այլն, ու… հասել է իր ուզածին: Ո՞վ կարող է երաշխավորել, որ Լանզարոտի կոնվենցիայի վավերացումից հետո Հայաստանում նման բազմաթիվ դեպքեր չեն լինի: Բավակա՛ն է, առանց այն էլ հազար դարդ ու ցավ ունենք, մեր կյանքը մի՛ վերածեք մղձավանջի: Բայց ու՞մ եմ ասում` ազգադավների՞ն… Ախր ոմանք իշխանության են եկել նաև Լանզարոտի և Ստամբուլյան կոնվենցիաների վավերացմանը հասնելու, խորհրդարանականներից ոմանք էլ` վավերացնելու նպատակով:
Ինչպես զգուշացրել կամ տեղեկացրել է ՀՀ փաստաբանների պալատի նախագահ Արա Զոհրաբյանը, Լանզարոտի կոնվենցիայի վավերացման դեպքում Հայաստանի Հանրապետության նորմատիվ իրավական ակտերի համակարգ առաջին անգամ կներմուծվի «սեռական կողմնորոշում» հասկացությունը, այս կոնվենցիայի վավերացումը հեշտացնելու է Ստամբուլյան կոնվենցիայի վավերացումը: Ստամբուլյան կոնվենցիան նույնպես կիրառում է «սեռական կողմնորոշում» հասկացությունը: Դիմում եմ մեր ողջ ժողովրդին` մտածեք, թե ուր ենք հասել, ովքեր են մեր իշխանավորները:
301 թ. քրիստոնեությունը որպես պետական կրոն ընդունած Հայաստանը պատրաստվում է վավերացնելու Լանզարոտի կոնվենցիան, փաշինյանական իշխանությունը սկսել է նաև Ստամբուլյան կոնվենցիայի վավերացման գործընթաց` սկսելով այն կառավարությունից, սակայն կոնվենցիան դեռ Սահմանադրական դատարան չներկայացնելով, քանի դեռ, ինչպես նախատեսել է, իր նախաձեռնած սահմանադրական հանրաքվեով, խաբված զանգվածների «Այո»-ով ՍԴ-ի հարցերը չի լուծել: Նոր կորոնավիրուսի համավարակն առժամանակ խանգարեց դրան:
Հունգարիայի տարածքում քոչվոր հունգարները բնակվել են 9-րդ դարի վերջից, այդ ժամանակ երկիրը դեռ գտնվել է նախնադարյան-համայնական կարգերի քայքայման վերջին փուլում: Հունգարիան քրիստոնեություն (կաթոլիկություն) է ընդունել 11-րդ դարում: Սակայն… «Լույս» տեղեկատվական-վերլուծական կենտրոնի ղեկավար Հայկ Այվազյանի տեղեկացմամբ, օրերս «Հունգարիայի խորհրդարանը մերժել է Ստամբուլյան կոնվենցիայի վավերացումը՝ որոշում ընդունելով սատարել կառավարության այն դիրքորոշմանը, որ կոնվենցիան նպաստում է կործանարար գենդերային գաղափարախոսության տարածմանն ու ապօրինի միգրացիային սեռական կողմնորոշման և գենդերային ինքնության հիմքով։
Ընդունված որոշման մեջ կոչ է արվում կառավարությանը այլևս չգնալ կոնվենցիայի վավերացմանը և նպաստել, որպեսզի Եվրամիությունը անի նույնը»:
Թվում է, թե Հունգարիան պետք է Հայաստանից սովորեր, դասեր առներ, բայց ճիշտ հակառակ վիճակն է: Դե հիմա մտածեք, թե ուր է հասել աշխարհում առաջին քրիստոնյա պետությունը և քաղաքակրթության բնօրրան Հայաստանը, և ում մեղքով է հասել:
Արթուր ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ
Հեղինակի նյութեր
- Ադրբեջանը մտադիր չէ ստորագրել նույնիսկ պետական դավաճանության հանցափորձի գնով Նիկոլի առաջարկած «խաղաղության պայմանագիրը». 3
- Նիկոլն էլ, Արաբատ Միրզոևն էլ, վիբրատորչիկ Ալենն էլ, Ալիևն էլ Պուտինի և Ռուսաստանի համար Զելենսկուց շատ չեն տարբերվում
- Հայաստանի «պաշտպանության նախարարություն» կոչվածը հերթական անգամ անամոթաբար լռում է հայկական բնակավայրի ու դիրքերի գնդակոծության մասին
- Նիկոլի «ընկերը» և վիբրատորչիկ Ալենի գաղափարակիցը բռնվել է գործի վրա (տեսանյութեր). 2
- Նիկոլի «ընկերը» և վիբրատորչիկ Ալենի գաղափարակիցը բռնվել է գործի վրա (տեսանյութեր)
- Նիկոլը Մոսկվայում երեկ ոչ թե Հայաստանի ու հայերիս, այլ Էրդողանի, Քալընի և Ալիևի ներկայացուցիչն էր
- Լոնդոնն իր ծանր հրետանիով հարվածել է Նիկոլ հայադավի, վիբրատորչիկ Ալենի և Հայաստանում իր թիվ 1 գործակալի կամ մարդու՝ Արմեն Գրիգորյանի գլխին. 4
- Լոնդոնն իր ծանր հրետանիով հարվածել է Նիկոլ հայադավի, վիբրատորչիկ Ալենի և Հայաստանում իր թիվ 1 գործակալի կամ մարդու՝ Արմեն Գրիգորյանի գլխին. 3
- Լոնդոնն իր ծանր հրետանիով հարվածել է Նիկոլ հայադավի, վիբրատորչիկ Ալենի և Հայաստանում իր թիվ 1 գործակալի կամ մարդու՝ Արմեն Գրիգորյանի գլխին. 2
- Լոնդոնն իր ծանր հրետանիով հարվածել է Նիկոլ հայադավի, վիբրատորչիկ Ալենի և Հայաստանում իր թիվ 1 գործակալի կամ մարդու՝ Արմեն Գրիգորյանի գլխին
- Մի՞ թե այդքան մոտ է աշխարհի վերջը, և երբ է այն. 2
- Աշխարհը միջուկային պատերազմի շեմին. 53
- Աշխարհը՝ միջուկային պատերազմի շեմին. 52
- Ստամբուլում ցնցումները չեն դադարում, Թուրքիայում կանխատեսվում է ավերիչ երկրաշարժ (տեսանյութեր). 2
- Ստամբուլում ցնցումները չեն դադարում, Թուրքիայում կանխատեսվում է ավերիչ երկրաշարժ (տեսանյութ)
- Մի՞թե այդքան մոտ է աշխարհի վերջը, և երբ է այն
- Քրիստոսի խաչելությունը հորինված չէ, NASA-ն նույնիսկ ճշգրիտ օրն է պարզել
- Ադրբեջանը մտադիր չէ ստորագրել նույնիսկ պետական դավաճանության հանցափորձի գնով Նիկոլի առաջարկած «խաղաղության պայմանագիրը». 2 (տեսանյութ)
- ՉԹՕ- ներ, այլմոլորակայիններ. խորհուրդ եմ տալիս կամ առաջարկում այս ամենին շատ լուրջ վերաբերվել. 4
- Ադրբեջանը մտադիր չէ ստորագրել նույնիսկ պետական դավաճանության հանցափորձի գնով Նիկոլի առաջարկած «խաղաղության պայմանագիրը»
Մեկնաբանություններ